Audi A6 allroad quattro-ն եզակի ավտոմեքենա է։ Այն իր մեջ համակցում է ունիվերսալ Avant-ի այնպիսի առավելություններ, ինչպիսիք են հարմարավետությունը և փոխակերպման լայն հնարավորությունները։ Այն աչքի է ընկնում առանձնահատուկ արտաճանապարհային բնույթով, որի հիմնական հատկանիշներն են quattro լիաքարշակ համակարգը, պնևմոկախոցը և արտաքին ձևավորման տարրերը։ Ժամանակի թելադրանքին համապատասխան նոր մոդելն ունի թվային տեխնոլոգիաների և ծառայությունների լայն սպեկտր։ 2019 թվականին լրանում է Audi allroad առաջին մոդելի դեբյուտի 20 տարին, ներկայիս Audi A6 allroad quattro-ն մոդելի չորրորդ սերունդն է։
Audi A6 allroad quattro-ն ստանդարտ տարբերակում համալրվում է quattro լիաքարշակ համակարգով։
Audi A6 allroad quattro-ի արտաճանապարհային բնույթը շեշտվում է արտաքին ձևավորման բազմաթիվ տարրերով, օրինակ՝ հակադիր գունային լուծումով անվային կամարների վրադիրներով։
Singleframe հովացուցչի պաշտպանիչ ցանցը բնորոշ ուղղահայաց ձողերով պերճախոս կերպով վկայում է մոդելի՝ Audi allroad ընտանիքին պատկանելու մասին:
Նոր Audi A6 allroad quattro-ն հեշտությամբ քաշում է մինչև 2,5 տ կշռող կցասայլը։
Կախոցում հատուկ տեխնոլոգիական լուծումների կիրառման շնորհիվ նոր Audi A6 allroad quattro-ն ունի գերազանց պոտենցիալ դժվարանցանելի ճանապարհների հաղթահարման համար։
Առջևի դռների շեմերի ալյումինե ներդիրներով և allroad գրությամբ վրադիրները կազմում են ներքին հարդարանքի allroad ընտրանքային փաթեթի բաղադրիչը։
Առաջին հայացքը Audi A6 allroad quattro-ի ինտերիերին․ ապակիների aluminium ծածկույթով շրջանակները շքեղ տեսք ունեն։
Audi A6 allroad quattro-ի սրահը կարելի է լրացուցիչ ձևավորել անհատական ոճով, օրինակ՝ ընտրելով նստատեղերի պաստառների և Ձեզ դուր եկած դեկորատիվ ներդիրների տարբերակը։
MMI touch հպազգայուն վահանակով MMI Navigation plus ընտրանքային տեղեկատվական-ժամանցային համակարգի վերին էկրանի վրա off-road ռեժիմով շարժվելիս այլ տվյալներից բացի կարող է պատկերվել Audi A6 allroad quattro թափքի կողաթեքման անկյունը
Անմոռաց տպավորություններ ավտոմեքենայի վարումից
Դինամիկայի և հարմարավետության տեսանկյունից Audi A6 allroad quattro-ն իսկապես եզակի ունիվերսալ ավտոմեքենա է։ Ստանդարտ համալրման մեջ մտնող quattro լիաքարշակ համակարգը ապահովում է հիանալի քարշ, անվտանգության բարձր մակարդակ և գերազանց կառավարելիություն։ Բենզինային շարժիչով մոդելներում ինտեգրված quattro ultra տեխնոլոգիան անընդհատ վերլուծում է շարժման պայմանները և տեղաբաշխում ոլորող մոմենտը առջևի և հետևի անիվների միջև՝ կախված իրավիճակից։ Ադապտիվ պնևմատիկ կախոցը, որը նույնպես ստանդարտ համալրման տարրերից է, ինքնուրույն կարգավորում է ավտոմեքենայի ճանապարհային լուսաշերտը։ Audi A6 Avant տարբերակի համեմատ այն կարող է մեծացված լինել 45 մմ-ով։ Audi drive select (նույնպես ստանդարտ լրակազմում) համակարգը թույլ է տալիս փոխել Audi A6 allroad quattro-ի կարգավորումները․ ընտրողաբար հասանելի է յոթ ռեժիմ, ներառյալ՝ allroad-ը և off-road-ը, որոնք նախատեսված են անհարթ տեղանքով և վատ ծածկույթ ունեցող ճանապարհներով շարժվելու համար։ Այս մոդելի համար առաջարկվում են 249 ձ․ու․ հզորությամբ 3.0 TDI և 340 ձ․ու․ հզորությամբ 3.0 TFSI շարժիչներ։
Թվային տեխնոլոգիաներ
Վարորդի և ուղևորների համար կարևոր տեղեկատվության առավել տեսանելի և հարմար պատկերման մասին հոգ կտանի Audi A6 allroad quattro սարքավորումների վահանակը։ Որպես ընտրանք առաջարկվող Audi virtual cockpit plus թվային սարքավորումների վահանակն իրենից ներկայացնում է 12,3 մատնաչափ անկյունագծով և բարձր լուծաչափով ցուցասարք, որի վրա դուրս են բերվում տարբեր ցուցանիշներ․ դրանցից գլխավորը արագությունը և շարժիչի պտույտներն են։ Ընտրության համար հասանելի են տեղեկատվության պատկերման երեք գրաֆիկական սցենարներ՝ դասական (Classic), դինամիկ (Dynamic) և սպորտային (Sport)։ MMI touch response հպազգայուն մակերևույթով MMI Navigation plus ընտրանքային տեղեկատվական – ժամանցային համակարգն ապահովում է մուտքի հնարավորությունը Audi connect¹ ծառայություններ։ Կառավարումը իրականացվում է կենտրոնական վահանակի վրա երկու գունավոր ցուցասարքերի օգնությամբ կամ ձայնային հրամանի միջոցով։
Պայծառ և ֆունկցիոնալ․ լուսարձակներ
Լուսային սարքերի արտահայտիչ, միաժամանակ առաջադիմական դիզայնը ներդաշնակորեն համակցվում է Audi A6 allroad quattro-ի առանձնահատուկ կերպարի հետ։ Ստանդարտ տարբերակում մոդելը համալրվում է լուսադիոդային լուսարձակներով։ Որպես ընտրանք առավել մեծ անվտանգության, ինչպես նաև ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և օբյեկտներն ավելի լավ ճանաչելու համար հասանելի են դինամիկ դարձի ցուցիչներով և արտահայտիչ լուսային սցենարներով HD Matrix LED լուսադիոդային լուսարձակները։