16_5_audi-airbus-italdesign-fly-taxi.jpg

Audi-ն, Airbus-ը և Italdesign-ը թեստավորում են թռչող տաքսիի հայեցակարգը

Դրոնների շաբաթվա ընթացքում Audi-ն, Airbus-ը և Italdesign-ն Ամստերդամում առաջին անգամ ներկայացնում են Pop.Up Next վերգետնյա և թռչող տաքսիների նախատիպերը: Թռչող տաքսիի նորարարական հայեցակարգը կառուցված է ավտոպիլոտով կառավարվող էլեկտրամոբիլի և ուղևորատար դրոնի հիմքի վրա: Հրապարակային առաջին փորձնական թռիչքի ժամանակ թռչող մոդուլն անսխալ տեղակայեց ուղևորատար կապսուլան վերգետնյա մոդուլի վրա, որն այնուհետև, առանց վարորդի մասնակցության, դուրս եկավ փորձնական պոլիգոնից: Առայժմ սա դեռևս 1:4 մասշտաբով մոդելն է: Սակայն արդեն մոտակա տասնամյակում Audi-ի հաճախորդները մեծ քաղաքներում կկարողանան օգտվել հարմար և գործնականում թռչող տաքսիներից ինչպես օդային տարածքում, այնպես էլ ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Pop.Up Next-ը հավասարապես հարմարավետ կլինի թե աշխատանքի, թե հանգստի համար:

«Թռչող տաքսին շատ շուտով իրականություն կդառնա: Մենք Audi-ում դրանում համոզված ենք,- ասում է Audi-ի դուստր ստորաբաժանման վարչության անդամ, գնումների և IT –ի պատասխանատու, Italdesign-ի նախագահ դոկտոր Բերնդ Մարտենսը (Dr. Bernd Martens): Տարեցտարի աճում է խոշոր քաղաքներում վերաբնակվող մարդկանց թիվը, և ավտոմատացումը զգալիորեն ընդլայնում է նրանց հնարավորությունները շարժունության ոլորտում: Ապագայում տարեց մարդկանց, երեխաներին և վարորդական իրավունք չունեցողներին անհրաժեշտ կլինեն ավտոպիլոտով աշխատող հարմար տաքսիներ: Եթե մեզ հաջողվի արդյունավետորեն բաշխել տրանսպորտային հոսքերը ճանապարհների և օդային տարածքի միջև, դա հավասարապես շահավետ կլինի ինչպես հենց իրենց՝ քաղաքներին, այնպես էլ՝ բնակիչներին»:

Ծառայության հնարավորությունները գնահատելու նպատակով Audi-ն Հարավային Ամերիկայում համատեղ փորձարկումներ է անցկացնում Voom –ի՝ Airbus ընկերության դուստր ստորաբաժանման հետ: Հաճախորդները պատվիրում են ուղղաթիռով թռիչք Մեխիկո կամ Սան Պաուլո, իսկ Audi-ն պատրաստում է դեպի թռիչքի հարթակ և հակառակ ուղղությամբ փոխադրումն իրականացնող ավտոմեքենա: « Նման ծառայությունները մեզ օգնում են ավելի լավ ուսումնասիրել մեր հաճախորդների պահանջմունքները: Ապագայում թռչող տաքսին նախատեսված կլինի քաղաքային բնակիչների տարբեր կատեգորիաների համար: Pop.Up Next մոդելի օգնությամբ մենք նաև ուսումնասիրում ենք մեր տեխնիկական հնարավորությունների սահմանները: Հաջորդ քայլը կլինի լիաչափ նախատիպի ստեղծումը, որով հնարավոր կլինի և՛ թռչել, և՛ ուղևորվել»,- նշում է դոկտոր Մարտենսը:

Audi-ն նաև աջակցում է Urban Air Mobility թռչող տաքսիի նախագծին Ինգոլշտադտում: Այս նախաձեռնության շրջանակներում թռչող տաքսիի թեստային շահագործման նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ինգոլշտադտի պոլիգոնում: Դա Եվրամիության համատեղ նախագիծն է Եվրոպական գործընկերության նորարարությունների (European Innovation Partnership) հարթակի ձևավորման շրջանակում՝ խելացի քաղաքների և քաղաքային միությունների (Smart Cities and Communities) ստեղծման և զարգացման ուղղությամբ: Նախագիծը կոչված է հանրությանը ցույց տալու նոր տեխնոլոգիայի առավելությունը և պատասխանելու արտադրության տեխնոլոգիային և մարտկոցների հավաստագրմանը, շուկայի կարգավորմանը և էլեկտրամոբիլների լիցքավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը վերաբերող հարցերին:

Տեսադարան

Լուսանկարներ